Վերջերս մամուլում հրապարակում եղավ, թե Գ. Ծառուկյանը նախագահի նստավայրում հանդիպել է Ս. Սարգսյանի հետ ու նրան իր աջակցությունն է հայտնել։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Իսկ Աբովյան քաղաքում ասում են, որ նա կողմնակիցներին պատվիրել է այդ տարածքից Ս. Սարգսյանի համար 90 տոկոս ձայն ապահովել։ Ավելին՝ պարտավորվել է այդ տարածքի նախընտրական ծախսերն անձամբ հոգալ։
Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետ է Ծառուկյանի փեսան՝ Կարեն Գուլոյանը։ Եվ ընդհանրապես՝ Կոտայքը համարվում է Գ. Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող մարզ։ Այս ընթացքում, երբ ԲՀԿ-ից Ս. Սարգսյանին սատարելու ալիքն ավելանում է, Գ. Ծառուկյանն էլ իր բիզնեսն ու կուսակցությունն ամբողջական պահելու եւ աշնանային նախագահական տրամադրությունների հաղթարշավի մեղքը քավելու համար գոնե առժամանակ պետք է հավատարմություն ցույց տա։ Իսկ այդ հավատարմությունը քաղաքականության մեջ միայն խոսքերով չի ապացուցվում, հատկապես ընտրությունների ժամանակ այն կոնկրետ թվերով է ապացուցվում։ Եվ այժմ Գ. Ծառուկյանը կանգնած է այս խնդրի առջեւ»,- գրում է «Ժամանակը»։





























