Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գեորգի Իլոյանի ու նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վարդան Մխիթարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Երրորդ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախորդ տարվա մայիսի 30-ին կայացված որոշման համաձայն՝ գրավով ազատ արձակված բժիշկները մեղավոր չեն ճանաչվել քաղաքացի Վաչագան Մարկոսյանի մահվան մեջ։
ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ին հարուցվել էր քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ: Ըստ քրեական գործի նյութերի՝ 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել էր` ստանալով մարմնական վնասվածքներ: Հաջորդ օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել էր շտապ բուժօգնություն եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել էր. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք եւ թոքերի տուբերկուլյոզ։ Բժշկական կենտրոնում ախտորոշումից եւ ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել էր դիմել մասնագիտացված բժշկի՝ թոքաբանի։ Սակայն տուն վերադառնալով՝ Վ. Մարկոսյանի վիճակը վատացել էր եւ նույն օրը՝ ժամը 23։10-ին կրկին հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ եւ մահացել էր»,- գրում է «Առավոտը»։





























