Փետրվարի 3-ին Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովը: Նյու Յորքում ընթացող հանձնաժողովի 48-րդ նիստը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, նվիրված է սոցիալական ինտեգրման խնդրին, մասնավորապես` հաշմանդամների, երիտասարդության, ընտանիքի եւ ծերացման հարցերին: Փետրվարի 5-ին ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է 2008-2021թթ. համար Կառավարության կողմից մշակված Կայուն զարգացման ծրագրին, որի հիմնական մասն են կազմում աղքատության հաղթահարման եւ սոցիալական զարգացման խնդիրները:

Ելույթում նշվել է, որ միջազգային կազմակերպությունների օգնությամբ 2009թ. Հայաստանում մշակվել է ծերացման հիմնահարցերին նվիրված ռազմավարություն եւ դրանից բխող գործողությունների ծրագիր: 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագրում կառավարությունը նախատեսել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որոնք պետք է ուղղված լինեն ինչպես կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացմանը, այնպես էլ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի եկամտի եւ կենսաթոշակի չափի միջեւ կապի հաստատմանը:

ՀՀ պատվիրակությունը նաեւ տեղեկացրել է հանձնաժողովին, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է նախապատրաստական աշխատանքներ` հաշմանդամության գնահատման նոր՝ եվրոպական մոդելին անցնելու համար: Միջազգային կազմակերպությունների օգնությամբ Հայաստանում իրականացվել է «Ընտանիք» ինստիտուտի հետազոտություն, որից հետո 2009թ. սկսվել է «Ընտանիք»-ի հայեցակարգի մշակման ընթացակարգը:

ՀՀ պատվիրակությունը խոսել է նաեւ Սպորտի եւ երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ մշակված «Մատչելի բնակարան երիտասարդների համար» ռազմավարություն-ծրագրի մասին, որի արդյունքում երիտասարդ ընտանիքներին պետության կողմից տրամադրվելու է օգնություն՝ բնակարան ձեռք բերելու հարցում:

ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող Տնտեսական եւ սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է: Այն իր օրակարգում ներառում է սոցիալական ոլորտին վերաբերող ամենաբազմազան թեմաները: Հայաստանը հանձնաժողովում ընտրվել է 2009-2012թթ. ժամանակահատվածի համար: