Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության եւ դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման եւ անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք, չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:
Հայաստանի ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով` հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2011 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են շուրջ 20 %: Մահացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվով 2011-ին կազմել է 169.9:
Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության եւ մահացության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ 2011 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը` 1.5%:
Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի եւ շնչափողի, բրոնխների (ընդհանուր` 1235), իսկ կանանց մոտ կրծքագեղձի (1150), արգանդի վզիկի (288) չարորակ նորագոյացությունները:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2011 թվականի տվյալներով շնչափողի, բրոնխների եւ թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 6 անգամ գերազանցել է տղամարդկանց մոտ, ինչը մեծապես պայմանավորված է նրանց շրջանում ռիսկի գործոններով (ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով) եւ հիվանդության ուշ հայտնաբերմամբ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ կառավարությունը 2011թ. հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (այդ թվում` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի) վաղ հայտնաբերման եւ կանխարգելման ծրագրերը եւ միջոցառումների իրականացման ցանկերը: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում նվազեցնել չարորակ նորագոյացություններով հիվանդացության, բարձիթողության եւ դրանցից հաշմանդամության ու մահացության ցուցանիշները:
Միաժամանակ, հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով 2012-2014 թվականների ընթացքում կարդիականացվի պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Այստեղ կստեղծվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին բաժանմունքը։ Կիրականացվի նաեւ կենտրոնի բժշկական անձնակազմի մասնագիտական կրթում եւ վերապատրաստում` արտերկրի առաջատար բժշկական եւ կրթական հաստատություններում:
Բացի այդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող երկարաժամկետ ծրագրով Երեւանում կկառուցվի մինչեւ 200 մահճակալ ունեցող գերժամանակակից բազմաֆունկցիոնալ «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն»։ Տարածաշրջանում եզակի այդ կենտրոնը կունենա հիվանդության ախտորոշման եւ բուժման արդի բոլոր հնարավորությունները։





























