Մոսկվայի ինստիտուտներից մեկի ռեկտորին ձերբակալել են բուհի համահիմնադրի պատվիրված սպանությունը կազմակերպելու փորձի կասկածանքով:

«Կառավարման եւ իրավունքի ինստիտուտի ռեկտորը կասկածվում է ինստիտուտի համահիմնադրի պատվիրված սպանությունը կազմակերպելու փորձի մեջ»,- հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչությունը, որին մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Համահիմնադիրների միջեւ ֆինանսական հարցերով տարաձայնություններ են ծագել: Նախնական տվյալով՝ կասկածյալը 2,5 մլն ռուբլով մարդասպան է վարձել:

Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները 72-ամյա Իվան Ալեքսանդրովի հետքի վրա դուրս էին եկել այս տարեսկզբին՝ իմանալով,ո որ վերջինս 35-ամյա գործընկեր Սերգեյ Ուստինովի հետ հաշվեհարդար տեսնելու համար քիլլեր է որոնել, գրում է LifeNews-ը:

Պոտենցիալ մարդասպանի դերում ներկայացել է իրավապահ մարմինների աշխատակիցը՝ 500 հազ. ռուբլի կանխավճար ստանալով:

Երբ ոստիկանը պատվիրատուին ծանուցել է պատվերի կատարման մասին, նրանք պայմանավորվել են հանդիպել: Գումարի մնացած մասը փոխանցելիս ռեկտորին ձերբակալել են, գրում է RBC-ն:

Ըստ gazeta.ru-ի՝ խոսքը ոչ պետական հաստատության՝ Կառավարման եւ իրավունքի ինստիտուտի մասին է: