Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը հարցվածների 28 տոկոսի կողմից դիտարկվում է որպես ներքաղաքական պայքարի հետեւանք: Այդ մասին, այսօր` փետրվարի 7-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով փետրվարի 2-ից 5-ը կայացած նախընտրական հարցման արդյունքները:

Հարցին, թե ինչի՞ հետեւանք էր Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը, 28 տոկոսը Հայրիկյանի հետ կատարվածը համարում է ներքաղաքական պայքարի հետեւանք, 20 տոկոսը գնահատել է որպես ներքաղաքական իրավիճակի հետեւանք, 9 տոկոսը` արտաքին ուժերի գործունեության հետեւանք, 4 տոկոսը` որպես քրեական վեճ, 2 տոկոսը նշել է, թե անձնական հաշիվների մաքրում էր, եւս 2 տոկոսը նշել էր, թե դա քայլ է` ուղղված վարկանիշի բարձրացմանը:

Հարցվածների 1 տոկոսը տեղի ունեցածը որակել է որպես շոու, իսկ 32 տոկոսը դժվարացել է պատասխանել: