Սպանված Դեդ Հասանի կլանի «օրենքով գողերն» իրենց գլխավոր թշնամու՝ «քրեական գեներալ» Ռովշան Ջանիեւի սպանությունը 5 մլն դոլար են գնահատել։
Իրավապահ մարմինների աղբյուրը «Ռոսբալտ»-ին հայտնել է, որ վերջերս կայացել է Ասլան Ուսոյանին՝ Դեդ Հասանին առավել մտերիմ «օրենքով գողերի» հավաքը: Մասնակցել են Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Թեմուրի Միրզոյեւը (Թիմուր Սվերդլովսկի), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Գադի Կալոյանը (Օնիկ), Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ) եւ «հեղինակություն» Սադկոն։
Նրանք որոշել են 5 մլն դոլար հատկացնել Ռովշան Ջանիեւին (Ռովշան Լենքորանսկի) վերացնելու համար, որին քրեական աշխարհում մեղադրում են Դեդ Հասանի սպանությունը կազմակերպելու մեջ։
«Առաջարկը հետաքրքրել է բոլոր խմբավորումներին, ովքեր պատվիրված սպանության իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների են տիրապետում»,- ասել է աղբյուրը։
Առայժմ պարգեւավճարը չի տրվել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ տեղեկատվությունը, ըստ որի Թուրքիայում սպանվել է Ջանիեւը, առայժմ հաստատված չէ:
«Գանգստերների կեսը պնդում է, որ Ռովշանը սպանվել է, իսկ մյուս կեսը համոզված է, որ Ջանիեւն ինքն է տարածել իր մահվան մասին լուրերը, որպեսզի ժամանակավորապես դադարի իր դեմ սկսված որսը։ Անգամ Թուրքիայում բնակվող «օրենքով գողերը» չեն կարող ճշգրիտ ասել՝ եղե՞լ է սպանություն, թե՞ ոչ։ Տեղի իրավապահները դեռ չեն հաստատել այդ տեղեկատվությունը»,- ասել է աղբյուրը։




























