Լեհաստանը Ռուսաստանին է հանձնել Մոսկվայի մարզի դատախազի նախկին առաջին տեղակալ, խաղային սկանդալի գլխավոր մասնակից Ալեքսանդր Իգնատենկոն:

Իգնատենկոյին  փետրվարի 7-ին հասցրել են Վարշավայի օդանավակայան, նստեցրել Մոսկվա մեկնող լեհական LOT ավիաընկերության սովորական չվերթի ինքնաթիռ: Ցերեկվա ժամը երկուսին ինքնաթիռը վայրէջք է կատարել  Շերեմետեւոյում: Նրան տեղափոխել են մայրաքաղաքային բանտի հատուկ ստորաբաժանում:

Հիշեցնենք, ՌՔԿ-ն Իգնատենկոյին հեռակա կարգով մեղադրանք էր առաջադրել ՔՕ  290  («Կաշառքի ստացում») եւ 159 հոդվածների («Խաբեբայություն») հատկանիշներով: Առաջին դեպքում Իգնատենկոն ընդհատակյա խաղատների հովանավորչության համար շուրջ 50 միլիոն ռուբլի կաշառք էր վերցրել, իսկ մյուս դեպքում խաղային բիզնեսի կազմակերպիչ Իվան Նազարովին 2 միլիոն ռուբլով  «Սիլանս» «դատախազական» կոոպերատիվից  հողատարածք էր  վաճառել:

«Իզվեստիա» թերթը հիշեցնում է, որ 2011թ. սպասվում էր, որ հենց Իգնատենկոն, կզբաղեցնի մերձմոսկովյան գլխավոր դատախազի աթոռը: Իգնատենկոյի եկամուտների պաշտոնական հայտարարագիրը չէր  զարմացնում, սակայն դատախազն ուներ նաեւ այլ  կյանք, որում կային թանկ նվերներ՝ 1 միլիոն ռուբլի արժեցող նրա սիրելի Ulysse Nardin ժամացույցը,  պլատինե Vertu հեռախոսը, գործարարների վճարած  ուղեգրեր դեպի Արաբական էմիրություններ, Ստամբուլ եւ Անթալիա: Իր  50-ամյակն Իգնատենկոն նշել էր նավթային մագնատի նման:

Ըստ քննության՝ իր կարողությունն Իգնատենկոն վաստակել էր Մոսկվայի մարզում ընդհատակյա խաղատների ցանցի հովանավորչությամբ, որոնք ղեկավարում էր Իվան Նազարովը:

Հետաքննության շրջանակում ձերբակալվել էին Նոգինսկի դատախազ Վլադիմիր Գլեբովը, Պուշկինոյի դատախազ Ռոման Նեշչիմենկոն եւ Սերպուխով շրջանի դատախազ Օլեգ Բազիլյանը:  Ներկայումս բացի Իգնատենկոյից «խաղային» գործով կալանավորված ոչ մի մեղադրյալ չի մնացել: