Նախօրեին Վարշավայից Մոսկվա ուղարկված Մերձմոսկվայի դատախազի նախկին առաջին տեղակալ Ալեքսանդր Իգնատենկոյին պաշտոնական մեղադրանք են ներկայացրել ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի հատկանիշներով. նա մեղադրվում է մի խումբ անձնացից 33 միլիոն ռուբլի կաշառք վերցնելու համար:

Իգնատենկոն իր մեղքը չի ընդունել: Նաեւ հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով Ռուսաստանի Սահմանադրության 51-րդ հոդվածի դրույթներից, հայտնում է vesti.ru-ն:

Միաժամանակ, հողատարածքների հետ կապված խարդախության քրեական գործը, որում կասկածվում էր Ալեքսանդր Իգնատենկոն, կասեցվել է:  Այսպիսով, հետաքննությունը բավարարել է լեհական կողմի արտահանձնման պահանջը: Ըստ միջազգային իրավունքի կանոնների՝  ձերբակալվածին հանձնող երկիրը արտահանձնման փաստաթղթերում կարող է գրել նման սահմանափակման մասին, եթե կասկածում է առաջադրված մեղադրանքների արդարությանը:

52-ամյա Իգնատենկոյի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում էր հայտարարվել՝  կաշառակերության եւ խարդախության մեղադրանքով: 2012թ. հունվարի 1-ին նրան ձերբակալել էին Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները: Նախօրեին Իգնատենկոյին Լեհաստանից ինքնաթիռով Ռուսաստան էին ուղարկել՝ իբրեւ բեռ ձեւակերպելով:

Դատախազության աշխատակիցների կողմից ընդհատակյա խաղատների ցանցի հովանավորչության դիմաց կաշառք ստանալու աղմկոտ պատմությունը բացահայտվել էր 2011թ.: Իգնատենկոն այդ գործով վերջին մասնակիցն է:

Հետաքննության շրջանակում ձերբակալվել էին Նոգինսկի դատախազ Վլադիմիր Գլեբովը, Պուշկինոյի դատախազ Ռոման Նեշչիմենկոն եւ Սերպուխով շրջանի դատախազ Օլեգ Բազիլյանը:  Ներկայումս բացի Իգնատենկոյից «խաղային» գործով կալանավորված ոչ մի մեղադրյալ չի մնացել: