Այսօր` փետրվարի 8-ին, Երեւանում տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ եւ Հայաստանի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում նշել է, որ կրթությունը ապագայի տոմսն է: «Միայն վաղվա օրվան պատրաստվողները կարող են հաջողակ լինել: ԵՄ կենտրոնը աշխատելու է բուհերի ուսանողների եւ ավագ դպրոցների աշակերտների հետ` մեծացնելու նրանց իրազեկությունը Եվրոպական միության եւ Հայաստանում ԵՄ գործունեության մասին», ասել է դեսպան Հրիսթեան: «Երիտասարդ սերնդի համար կարեւոր է հասկանալ այն ազդեցությունն ու հնարավորությունները, որոնցով ուղեկցվում է Եվրոպական միության հետ առավել սերտ ինտեգրումը», ընդգծել է դեսպանը:

Անդրադառնալով դիվանագետներին` ԵՄ պատվիրակության ղեկավարը հույս հայտնել է, որ ԵՄ անդամ երկրները սերտորեն կհամագործակցեն ԵՄ կենտրոնի հետ: «Կարծում եմ` մենք կհամատեղենք մեր ջանքերը Հայաստանում Եվրոպական միությունն առավել տեսանելի դարձնելու ուղղությամբ», ասել է դեսպան Հրիսթեան:

Կրթության եւ գիտության նախարարության հետ գործակցությամբ ԵՄ կենտրոնը կաջակցի ուսուցիչներին մշակելու եւ ներդնելու ԵՄ-ը առնչվող դասընթացներ դպրոցներում եւ բուհերում: Կենտրոնը կաջակցի եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների ցանցի ստեղծմանը, որպեսզի երիտասարդները կարողանան ներկայացնել իրենց փորձն ու հաջողության պատմությունները ԵՄ-ում ուսանելու մասին:

Ծրագրի ղեկավար Էհթել Հալլիսթեն ասել է, որ երիտասարդների հետ աշխատանքը միշտ փոխհատուցվում է: «Դա միշտ երկու ուղղությամբ է աշխատում. ուսուցանելը նաեւ ուսանել է, ինչպես որ ուսանելը` ուսուցանել», նշել է Հալլիսթեն եւ հավելել. «Մենք կգտնենք Եվրոպական միությունը հայաստանյան երիտասարդությանն առավել մերձեցնելու գրավիչ եւ մասնակցային ուղիներ»:

ԵՄ Կենտրոնը ԵՄ ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության դարպասն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am