Նախորդ տարի Ռուսաստանից արտասահմանյան հաշիվներին ապօրինի 49 մլրդ դոլար է փոխանցվել, ինչը կազմում է ՀՆԱ-ի 2,5%-ը: Կասկածելի գործարքների կեսից ավելին կարող էր վերահսկվել մի խումբ անձանց կողմից: Այդ մասին «Վեդոմոստիին» պատմել է Կենտրոնական բանկի ղեկավար Սերգեյ Իգնատեւը:
Նրա խոսքով՝ դա կարող է թմրանյութերի մատակարարումների, մաքսանենգ ներկրման վճար լինել, կաշառք եւ «ատկատ» պաշտոնյաներին, մենեջերներին, որոնք գնումներ են կատարում մասնավոր խոշոր ընկերություններից: «Միգուցե դրանք հարկերից խուսափելու սխեմաներ են»,- ասել է նա:
Այդ գումարից 14 միլիարդը բաժին է հասնում առեւտրային գործողություններին, մնացածը՝ կապիտալի հետ կապված գործողություններին, որոնք վճարային հաշվեկշռում դասակարգվում են որպես «կասկածելի»: 2012թ. աարտահոսքը կազմել է 56,8 մլրդ դոլար, դրանցից «կասկածելի գործողություններինը»՝ 35,1 մլրդ դոլար: Այդկերպ, Ռուսաստանից դուրս բերված միջոցների մինչեւ 60%-ն ապօրինի է կատարվել:
Այդ գործողությունների արդյունքում բյուջետային համակարգը չի ստացել 450 մլրդ ռուբլի, իսկ եթե հաշվի առնվեն նաեւ ներքին մեկօրյա ընկերությունների միջոցով կատարված ապօրինի գործողությունները, կկազմի 600 մլրդ ռուբլուց ավելի: Այդ գումարը համադրելի է կրթության կամ առողջապահության ոլորտում դաշնային բոլոր ծախսերին:
Կենտրոնական բանկի վերլուծությունը ցույց է տվել, որ կասկածելի գործողությունների ծավալի կեսից ավելին նույն կամ անուղղակի կապ ունեցող ընկերություններն են կատարել: Տպավորություն է ստեղծվում, որ դրանք լավ կազմակերպված մի խումբ անձանց կողմից են վերահսկվել, ասել է ԿԲ-ն:
ՆԳՆ աշխատակիցը թերթին հայտնել է, որ խմբի գոյությունը, որի մասին խոսում է Իգնատեւը, անհնար է առանց բանկիրների մասնակցության:



























