Այսօր ՀՀ կառավարության նիստը վարող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել երկարաշունչ ելույթով, որտեղ արձանագրելով, որ առաջին կիմյակում տնտեսության անկումը կազմել է 16,3 տոկոս, նշել է, որ իրենք կանխատեսում էին, որ նման անկում կլինի, քանի որ 2008 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է տնտեսության աննախադեպ աճ, երբ առաջին անգամ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում գերազանցել է 30 տոկոսը, իսկ շինարարության 70 տոկոսը ՀՀ-ում իրականացվում է մասնավոր հատվածի հաշվին։ «Մեր կանխատեսումներով, մոտակա ամիսների տնտեսական աճի ցուցանիշների անկումը ավելի խորը պետք է լիներ։ Մենք չէինք բացառում, որ այն տարվա ընթացքում կարող է կազմել 20 տոկոս, բայց այս ամսվա հաշվետվությունը պարունակում է որոշ դրական միտումներ։ Շինարարության ոլորտում այս ամսվա ընթացքում մենք մայիսի նկատմամբ արձանագրել ենք աննախադեպ աճ` շուրջ 230 տոկոս»-ի, նշել է վարչապետն ու հավելել. «Դա մի կողմից պայմանավորված է շինարարության ոլորտի սեզոնայնությամբ, բայց մյուս կողմից նաեւ դրական սպասումների ձեւավորումն է եւ այն միջոցառումները, որոնք մենք ձեզ հետ միասին իրականացրինք։ Մասնավորապես, մենք վեց կառուցապատողների տրամադրել ենք պետական երաշխիքներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս առեւտրային բանկերից լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել։ Երկրորդը հիպոթեքային հիմնադրամի աշխատանքների սկիզբն էր, ինչի մասին հայտարարեց ԿԲ-ն։ Երրորդը մասնավոր հատվածից եկող ներդրումներն են, այն, որ մեր քաղաքացիները սկսեցին բնակարաններ ձեռք բերել։ Այս երեք գործոնների արդյունքում շինարարության ոլորտում մենք այս ամսվա ընթացքում մայիսի համեմատ նկատեցինք աննախադեպ փոփոխություն»։
Չնայած այն հանգամանքին, որ մասնավոր տրանսֆերները այս վեց ամիսների ընթացքում կտրուկ նվազել են եւ առկա է 16 տոկոսանոց տնտեսական անկում, սակայն մանրածախ ապրանքաշրջանառության ծավալն, ըստ Տ. Սարգսյանի, չի նվազել, անգամ մի փոքր աճել է: Դա, նրա խոսքով, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այս ընթացքում աշխատավարձը ՀՀ-ում թե մասնավոր, թե պետական հատվածում աճել է շուրջ 13 տոկոսով, թոշակները նույնպես բարձրացել են առնվազն 14 տոկոսով։
«Երկրորդ կարեւոր գործոնը ՀԴՄ-ների կիրառումն է, որը հնարավորություն է ընձեռել ստվերից դուրս բերելու մանրածախ ապրանքաշրջանառությունը»,- նշել է ՀՀ վարչապետն ու ընդգծել, որ ապրանքաշրջանառության մեջ առկա է ներմուծման ծավալի շուրջ 27 տոկոս եւ արտահանման ծավալի շուրջ 45 տոկոս անկում, իսկ հունիսին մայիսի համեմատ կա արտահանման 37 տոկոս եւ ներմուծման 45 տոկոս աճ, ինչը վկայում է որոշակի դրական տեղաշարժի մասին։
Այնուհետեւ անդրադառնալով կառավարության վարած մակրոտնտեսական ռազմավարությանը, Տ. Սարգսյանն ասաց, որ երկնիշ տնտեսական աճի պայմաններում քաղաքականությունը եղել է զսպողական, իսկ տնտեսական անկման դեպքում պետք է վարվի ընդլայնողական քաղաքականությունը, ինչը եւ անում է կառավարությունը: Մասնավորապես, պետությունը ավելացնում է իր ծախսերը եւ եթե նույնիսկ սեփական միջոցներ չունի դրա համար, ապա արտաքին եւ ներքին շուկաներից է միջոցներ ներգրավում:
Նրա խոսքով, ԿԲ-ն նման քաղաքականություն սկսել է իրականացնել մարտ ամսից հետո, լողացող փոխարժեքի վերադարձով եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելով:
Ինչ վերաբերում է սեկվեստր իրականացնելուն, ապա Տ. Սարգսյանն ասաց, որ թե Արժութային հիմնադրամը թե ՀԲ-ն համամիտ են եղել, որ անհրաժեշտ է պահպանել պետական ծախսերի բարձր մակարդակը, որովհետեւ այն զսպում է տնտեսական անկումը։ Այդ առումով, նա հիշեցրեց, որ ԱԺ-ն հավանություն է տվել բյուջեի դեֆիցիտը հասցնել մինչեւ ՀՆԱ 7,5 տոկոսի, ինչըև նշանակում է, որ կառավարությունը կարող է արտաքին և ներքին պարտքերի ներգրավմամբ լուծել բյուջեի եկամուտներն ապահովելու հարցը: Մասնավորապես, ԱՄՀ-ից ՀՀ-ն կստանա շուրջ 150 մլն դոլար և 150 մլն դոլար էլ 2010 թվականի համար, ՀԲ-ից` 60 մլն դոլար ուղղակի բյուջեի ֆինանսավորման համար, Ասիական բանկից` 80 մլն դոլար։



























