Հարկատուների ցանկում առաջինը «Հայռուսգազարդ» ընկերությունն է: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության 300 խոշոր հարկատուների ցուցակը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որը 2009թ. առաջին կիսամյակում վճարել է 8 միլիարդ 708 մլն 033.9 հազ. դրամ հարկ, սակայն մոտ 700 միլիոն դրամով ավելի քիչ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: «Հայռուսգազարդ»-ին հաջորդում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ընկերությունը (Արմենտելը)` 7 մլրդ 124 մլն 515.6 հազ. դրամով, այնուհետեւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը՝ Վիվասելը` 6 մլրդ 551 մլն 129.3 հազ. դրամ վճարով:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը 4-րդն է եւ բյուջե է վճարել 6 մլրդ 349 մլն 326.2 հազ. դրամ, Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը» վճարել է 5 մլրդ 351 մլն 732.2 հազ. դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 3 մլրդ 052 մլն 283.0 հազ. դրամ, «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերությունը՝ 2 մլրդ 773 մլն 895.0 հազ. դրամ, «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը՝ 2 մլրդ 669 մլն 426.8 հազ. դրամ: Հրանտ Վարդանյանին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» եւ «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական ընկերությունները եզրափակում են առաջին տասնյակը՝ համապատասխանաբար 2 մլրդ 212 մլն 152.2 հազ. դրամ եւ 1 մլրդ 903 մլն 069.3 հազ. դրամ վճարած հարկերով:
Հարկատուների առաջին տասնյակից դուրս է մնացել երկար տարիներ առաջատարը համարվող Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մեծ վնասներ է կրում համաշխարհային ճգնաժամի հետեւանքով:



























