«Ամենածանր աշխատանքն այսօր Պետական երկամուտների կոմիտեինն է, որովհետև տնտեսական անկման ժամանակ հարկային և մաքսային վարչարարությունը խստացնելը և բարելավելը չափազանց բարդ գործ է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի ՊԵԿ-ն ունենա մեր աջակցությունը»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ իրենք ՊԵԿ-ում իրականացրել են բավականին լուրջ և ցավոտ բարեփոխումներ եւ հնչեցրել սուր քննադատություն:
«Այս տարի օրենսդրորեն ընդլայնել ենք հարկային արտոնությունները փոքր և միջին բնզնեսի համար։ ԱԱՀ-ի գծով 58 մլն դրամի շեմը չգերազանցող սուբյեկտների քանակը շուրջ 32 հազար է, հաստատագրված վճարումից օգտվողների քանակը 20 հազարից ավելի է։ Այս սուբյեկտներն այս տարի օգտվել են հարկային արտոնությունից, ուստի այդ պատճառով նախորդ տարվա համեմատ շուրջ 25 մլրդ դրամ պակաս ենք հավաքելու։ Երկրորդ չափազանց կարևոր գործոնն այն է, որ գերավճարների առումով մենք նույնպես արձանագրում ենք բավականին լուրջ հաջողություններ»,- ասել է նաու հավելել. «Չնայած այս արտոնություններին, մենք արձանագրում ենք, որ 2009թ. վեց ամիսներին մենք ունենք հարկային վարչարարության բարելավում առնվազն 0.5 տոկոս, ինչը չափազանց կարևոր և շատ մեծ ցուցանիշ է ՀՆԱ-ի մեջ: Եթե մենք նախորդ տարին ավարտել էինք հարկային մուտքերը հասցնելով ՀՆԱ-ի 17 տոկոսի և նախատեսել էինք միջնաժամկետ ծրագրում տարեկան 0.4 տոկոսի աճ, ապա այս սցենարը ենթադրում էր, որ տարեկան պետք է ունենայինք առնվազն 8 տոկոս տնտեսական աճ։ Եվ հասկանալի է, որ 16 տոկոս տնտեսական անկման պարագայում ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը 0.5-0.6 տոկոսով ավելացնելը չափազանց ծանր խնդիր է, բայց այն ՊԵԿ-ն իրականացրել է»:
Այնուհետեւ անդրադառնալով ստվերային տնտեսության խնդրին, վարչապետը նկատել է, որ շահութահարկի տեսակարար կշիռը հարկերի մեջ նախորդ տարվա 11,9 տոկոսից աճել է` հասնելով 16 տոկոսի, ինչը բացառապես ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունք է, քանի որ տնտեսական անկման պարագայում շահութահարկի տեսակարար կշիռը պետք է նվազեր:



























