Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլիի հետ: Հանդիպման ժամանակ նրանք կարծիքներ են փոխանակել վրաց-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում առկա վիճակի վերաբերյալ, քննարկել համագործակցությունը տնտեսական, հումանիտար, տրանսպորտային եւ զբոսաշրջության ոլորտներում, ՎՈՒԱՄ-ի միջազգային կապերը, ինչպես նաեւ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների համագործակցության ակտիվացումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նկատենք, որ Ուկրաինայում Յանուկովիչի նախագահ ընտրվելուց հետո Ռուսաստանը մի փոքր ավելի ազատ ու վստահ է զգում Հարավային Կովկասում եւ արդեն ակնարկներ է անում Ադրբեջանին, խորհուրդ տալով դուրս գալ ՎՈՒԱՄ-ի կազմից, որը ակնհայտ հակառուսական եւ արեւմտամետ ուղղվածություն ունեցող կազմակերպություն է: Ռուս փորձագետները նման խորհուրդներ տալով, ընդգծում են, որ միեւնույնն է այդ կազմակերպությունն ապագա չունի, քանի որ շուտով այդ կազմակերպությունը կլքի ամենամեծ անդամը` Ուկրաինան: Հիշեցնենք, որ ՎՈՒԱՄ-ի մեջ ընդգրկված են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանն ու Մոլդովան: