Չինաստանում 22-ամյա ուսանողուհու հարազատներն ու բարեկամները գնացել էին մասնակցելու նրա թաղմանը: Ցզեն Ցզյա անունով աղջիկը կազմակերպել էր իր սեփական թաղման արարողությունը` ծանր դեպրեսիան հաղթահարելու նպատակով, գրում է The Metro-ն:

Հուբեյ նահանգի Վուխան քաղաքի բնակչուհին մի ամբողջ կարողություն է վատնել ծաղկեպսակների եւ դագաղի համար: Բացի այդ, նա մասնագետների միջոցով իրեն «դիակ»-ի տեսք է տվել: Դրանից հետո Ցզյան իր հարազատներին բացիկներ է տարածել` իր թաղմանը ներկա լինելու համար:

Միջոցառման սկզբում աղջիկը պառկել է դագաղում: Չինուհու կրծքին իր սիրելի տիկնիկն է եղել: Բազմաթիվ հյուրեր մոտ մեկ ժամ նրա մարմնի մոտ հրաժեշտի խոսքեր են ասել: «Ես ցանկանում էի լսել, թե ինչ կասեին իմ մասին մահվանից հետո: Ես վայելում էի դա թաղման ժամանակ»,- խոստովանել է Ցզյան: Միաժամանակ նա ավելացրել է, որ երբեւէ իր հասցեին չէր լսել այդքան քնքուշ եւ հաճելի խոսքեր, հայտնում է Vesti.ru-ն:

«Հարություն առնելուց» հետո, չինուհին բարձրաձայն կարդացել է անմխիթար հյուրերի նամակներն ու բացիկները: «Իմ մահից հետո, ես ավելի շատ եմ սկսել գնահատել կյանքը: Այժմ ես արժեւորում եմ յուրաքանչյուր րոպեն եւ ձգտում եմ հիմար մտքերի վրա չվատնել իմ ժամանակը»,- ասել է աղջիկը: