Ֆրանսիայի մայրաքաղաքում նախօրեին տեղի է ունեցել ապրիլի 4-ին նշանակված «topless» (մինչեւ գոտկատեղը մերկ) ջիհադի Միջազգային օրվան նվիրված  առաջին ակցիան, որը հայտարարել էր սկանդալային FEMEN կազմակերպությունը: Անցյալ շաբաթ շարժման ղեկավարությունն ակտիվիստուհիներին եւ կամավորներին կոչ էր արել մերկանալ եւ զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Թունիսի դեսպանատների մոտ: Ըստ FEMEN-ի` այդկերպ պատասխան են տալիս կազմակերպության ակտիվիստուհի Ամինա Թայլերի նկատմամբ  իսլամիստների կողմից կայացրած մահվան դատավճռին` սոցցանցերում վերջինիս կիսամերկ լուսանկարների հրապարակումների համար: 

FEMEN-ի կայքը հայտնում է, որ անցյալ չորեքշաբթի Թունիսից եւս մեկ ակտիվիստուհի` Մերիամ անունով, երկու ընկերուհիների հետ Փարիզում գլխավոր մզկիթի մոտ մերկ վիճակում այրել է սալաֆիների դրոշը:

Արեւելքի կանանց կոչ անելով կրծքով պաշտպանել մոլորակի ազատ ապագան` FEMEN-ում բացականչում են. «Իսլամն անզոր է մեր ապստամբած մարմինների առջեւ: Մեր կրծքերը ձեր քարերից պինդ են», հաղորդում է NEWSru.com-ը:

Կիսամերկ ջիհադ հայտարարելու պատճառը Թունիսում իսլամական առաջնորդ Ալամ Ադելի կողմից 19-ամյա ուսանողուհի Ամինա Թայլերի նկատմամբ կայացրած վճիռն էր, որը վերջերս սոցցանցում հրապարակել էր իր կիսամերկ լուսանկարը: Մահմեդական առաջնորդն իր ֆեթվում հայտնել էր, որ ըստ շարիաթի օրենքների` այդ արարքի համար Ամինան պետք է ստանա  ճիպոտի 80-100 հարված, որից հետո նրան պետք է մեկուսացնել եւ քարկոծելով սպանել, քանի որ նրա գործողությունները կարող են  «հասարակության մեջ համաճարակ առաջացնել»: Թունիսի լրատվամիջոցները նշել էին, որ ըստ օրենքի` անբարո  պահվածքի համար Ամինային սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում եւ 60-600 դոլար տուգանք: Սկզբում հաղորդվել էր, որ աղջկա ծնողները նրան հոգեբուժարան են տեղափոխել, սակայն հետագայում այդ լուրերը հերքվել էին: