Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները չեն մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հուլիսի վերջին Կրակովում նախատեսված հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Վերջինս «Արմենպրեսին» հայտնել է, թե համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնարի Ֆասիեի հետ հուլիսի 25-26-ին լեհական Կրակով քաղաքում խորհրդակցություններ կանցկացնեն` Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հրահանգով թարմացնելու ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների «մադրիդյան» փաստաթուղթը:
Ամերիկացի համանախագահն անդրադարձել է Մինսկի խմբում իր պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ հարցին եւ ասել, թե դեռ որոշում չկա: «Ես զգացված եմ այսքան երկար աշխատելու համար նախագահ Օբամայի վարչակազմում, սակայն ինչ-որ ժամանակ կարիք կլինի նոր պաշտոնի անցնելու»,- ասել է նա:




























