Այս տարվա սկզբից 4 հազար գնչուներ ստիպված են եղել լքել Ֆրանսիան: Ինչպես հաղորդում է Radio France Internationale-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ասացիացիային (AEDH), նրանցից մոտ հազարը ստիպված են եղել լքել երկիրը՝ իրենց ճամբարը հրկիզելու եւ ժամանակավոր կացարանի վրա հարձակվելու հետեւանքով: Նման հրդեհներից մեկը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ Փարիզի արվարձաններից մեկում:
Ներկայումս Ֆրանսիայում ապրում է մոտավորապես 20 հազար գնչու, որոնք եկել են հիմնականում Բուլղարիայից եւ Ռումինիայից: Գնչուների արտաքսումը հաճախ տեղի է ունենում այն քաղաքների բնակիչների բացասական վերաբերմունքի պատճառով, որոնց մոտ գնչուները ճամբարներ են հիմնում: Դեպքերի մեծ մասում առիթը եղել է գնչուների եւ տեղացիների միջեւ միջադեպերը:
Նշենք, որ վերջին տարիներին Ֆրանսիայի կառավարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել երկրի տարբեր վայրերում գնչուների ճամբարները վերացնելու համար: 2010 թվականի ամռանը այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի վարչակազմը որոշել էր երկրից արտաքսել գնչուներին: Իշխանությունները հասցրեցին երկրից արտաքսել գնչուական ավանների մոտ հազար բնակչի, սակայն նման միգրացիոն քաղաքականությունը խիստ քննադատության էր արժանացել ԵՄ անդամ այլ երկրների կողմից:
Ֆրանսիայի նոր կառավարությունը խոստացել է փոխել իր քաղաքականությունը գնչուների հանդեպ, հաղորդում է «Ռոսբալտը»:




























