Բրազիլիական լրատվամիջոցները` վկայակոչելով Առողջապահության նախարարության տվյալները, հաղորդել են, որ 2013 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում երկրում դենգե տենդով 635 հազար հիվանդ է գրանցվել: Տեղի բժիշկները կարծել են, որ դա համաճարակի սկիզբն է:
Դենգե տենդով վարակված 635 հազար հիվանդներից 1,3 հազարի վիճակը ծանր է, իսկ 108 մարդ արդեն մահացել է: 2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ դենգե տենդով հիվանդանալու դեպքերի 360 տոկոս աճ է գրանցվել: Ի դեպ` անցյալ տարի տենդից 102 մարդ է մահացել, հայտնում է Eurosmi-ն:
Դենգե տենդի տարածման առումով առանձնանում են Ռիո Դե Ժանեյրոն, Գոյասը, Մատու-Գրոսու-դու-Սուլը, Սան Պաուլուն եւ Միանս Ժերայսը: Դենգե տենդի համաճարակի վերջին դեպքը Բրազիլիայում պաշտոնապես գրանցվել է 2010 թվականին: Այդ ժամանակ վարակվել էր 580 մարդ, իսկ հիվանդությունից մահացել էր 285 հիվանդ:
Դենգե տենդը Լատինական Ամերիկա է թափանցել դեռ երկու դար առաջ` Ասիայից գաղթածների միջոցով: Այդ վտանգավոր վիրուսային հիվանդությունն ամեն տարի աշխարհի արեւադարձային տարածաշրջաններում բնակվող հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում:




























