Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ կյանքի շատ ասպեկտներում ավելի մեծ բավականություն են ստանում, քան՝ կանայք, հաղորդում է բրիտանական Daily Telegraph թերթը:

Benenden Health կազմակերպության կողմից Բրիտանիայի բնակիչների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 12 կատեգորիաներից 7-ի դեպքում, տղամարդիկ «երջանկության ավելի բարձր մակարդակ» են ունեցել:

Այդ կատեգորիաների թվում են աշխատավարձի չափը, կարիերայում առաջխաղացում ունենալու հեռանկարը, մարմնի քաշը, արտաքինը, այլ մարդկանց վերաբերմունքը, ընդհանուր ֆինանսական վիճակը, զբաղվածության երաշխիքը:

Իսկ ահա կանայք ավելի երջանիկ են, եթե խոսքը սիրո, ընտանիքի, ինտիմ կյանքի, առողջության եւ բնակավայրի մասին է:

Բացի այդ, հետազոտության արդյունքներից երեւում է, որ Բրիտանիայի հասուն բնակչությունը կյանքից բավարարության մակարդակը գնահատում է միջինը 64 տոկոս, հաղորդում է «Ինտերֆաքսը»: