Բրիտանիայի ազգային գրադարանը պատրաստվում է իրականացնել անհնարինը` փորձելով արխիվացնել համացանցի բոլոր հրապարակումները:
Բրիտանական յուրաքանչյուր կայք, ցանկացած էլեկտրոնային գիրք, ինչպես նաեւ լրատվական հաղորդագրություններն ու բլոգները պետք է պահպանվեն ազգի հիշողությունը թվայնացնելու համար, հայտնել է Բրիտանիայի գրադարանը: Հարյուրամյակներ շարունակ գրադարանն ավանդաբար պահպանել է Բրիտանիայում հրատարակված գրքերի, թերթերի, ամսագրերի եւ գրքույկների կրկնօրինակները: Այժմ այդ ամենին կավելանան նաեւ համացանցի .uk վերջավորությամբ բոլոր էջերը:
«Մենք արդեն շատ նյութեր կորցրել ենք, դրանք ընկել են 21-րդ դարի թվային անցքի մեջ եւ մենք դրանք չենք գրանցել»,- ասել է նախագծի ղեկավար Լյուսի Բերջեսը: Դրա համար այժմ պետք է արխիվացնել համացանցի ավելի քան 4,8 միլիոն էջ:
Նախագծի մեկնարկը կարգավորվել է օրենքով եւ այն ուժի մեջ է մտնում ապրիլի 6-ից: Այն Բրիտանիայի գրադարանին իրավունք է տալիս հավաքել ոչ միայն բոլոր տպված, այլ նաեւ էլեկտրոնային փաստաթղթերի կրկնօրինակները: Արխիվացված ամբողջ նյութը հասանելի կլինի այս տարվա վերջին, հայտնում է The Epoch Time-ը:




























