«Երբ կլուծվի Ղարաբաղի ինքնորոշման հարցը, և միջազգայնորեն կարձանագրվի, որ այն պայքարը, որ մղել են Հայաստանը և Արցախը 20 տարի շարունակ ու հասել են այս արդյունքին, այն ժամանակ նոր կմտածենք՝ ինչ զիջենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանն ու հավելեց. «Իսկ եթե ասում են փոխզիջում, ապա Ադրբեջանն ինքը պարտվել է պատերազմում, և իրավունք չունի փոխզիջում արտահայտությունն անելու, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը»։
Այնուհետեւ խոսելով բանակցային գործընթացի մասին, Ռ. Թովմասյանն ասել է, որ այդ բանակցություններից Ղարաբաղի դուրս մղվելը տեղի է ունեցել ԼՂՀ-ի լուռ համաձայնության պայմաններում: Նրա խոսքով, ԼՂՀ-ին բանակցություններից «դուրս մղողը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն էր»:
Ներկա պայմաններում, ըստ Ռ. Թովմասյանի, «Հայաստանը պետք է ասի, որ եթե հավանություն ենք տվել Մադրիդյան հրապարակված սկզբունքներին, ապա այսուհետ Ղարաբաղը պետք է լինի իմ կողքին, որովհետև հաջողությունները Ղարաբաղինն են, դժբախտություններն էլ են Ղարաբաղինը»: Իսկ եթե Ղարաբաղին չընդունեն որպես բանակցող կողմ, Հայաստանը պետք է բարձրաձայնի, որ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին։
«Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա մեր կուսակցությունը գտնում է, որ սա ևս մեկ որոգայթ է, որի մեջ կներքաշվի Հայաստանը: Երբ կարդում ենք այն հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան բանակցությունների հիմնական միջուկը, ապա այդտեղ լուրջ հարցեր ենք տեսում, որոնք, մեր կարծիքով, առաջացնում են այնպիսի վտանգներ, որի մասին մտածելը բավականին բարդ է»,-ընդգծել է նա:




























