Բրիտանացի նախկին հատուկջոկատայինը որոշել է աճուրդի հանել 2003թ. ապրիլի 9-ին Բաղդադում ոչնչացրած Սադամ Հուսեյնի բրոնզե արձանի կտորը:

Կտորը, որն իրենից ներկայացնում է մահապատժի ենթարկված Հուսեյնի հետույքը, պատկանում է SAS հատուկ ծառայության նախկին դեսանտային Նայջել Իլիին: Նա մասնակցել է Պարսից ծոցում 1990-91թ.թ. տեղի ունեցած պատերազմում, ապա ղեկավարել Trebletap ընկերությունը, որ մասնագիտացել էր ռազմավարի վաճառքի մեջ: Քուվեյթի մի մասնագետի կարծիքով, արձանի կտորը կարող է վաճառվել մի քանի միլիոն դոլարով:

Ավարի վաճառքից ստացված գումարները Իլին մտադիր է ուղղել բարեգործությանը, այդ թվում զինվորական վերականգնողական կենտրոնին:

Նախկին զինծառայողի խոսքով, իր ծրագրերը փորձում են խափանել Իրաքի ներկայիս իշխանությունները, որոնք համարում են, թե արձանի կտորը իրենց պատմական եւ մշակութային ժառանգության մասն է: Պաշտոնական Բաղդադն արգելում է վաճառքը:

Նախկին հատուկջոկատայինն արդեն փորձել է 2011թ. վաճառել կտորը 250 հազար ֆունտով, սակայն գնորդ չէր գտել: