Հայաստանի սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, այսօր՝ ապրիլի 12-ին, կայացել է տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրենների, մանկավարժների եւ ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցների միջեւ:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Հ. Հակոբյանը բարձր է գնահատել Ավստրալիայի հայ համայնքի ինքնակազմակերպման արդյունավետ ջանքերը, Հայրենիքի հետ կապը պահելու եւ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու փորձն ու ցանկությունը:
Ներկայացնելով գերատեսչության աշխատանքները` Հակոբյանն առանձնացրել է Հայաստան եկած սիրիահայ մեր հայրենակիցների հետ տարվող գործընթացը: Նշվել է, որ Մասիսի, Աշտարակի եւ Վաղարշապատի քաղաքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Առկա են առաջին հովանավորները:
Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: «Սակայն ուզում ենք ներգրավել նաեւ Սփյուռքի մեր համայնքներին: Եթե ամեն մի համայնք իր վրա վերցնի 3-4 սիրիահայի օժանդակելու հարցը, ապա «Նոր Հալեպ» անունով սիրիահայերի համար թաղամաս կառուցելու ծրագիրն արագ իրականություն կդառնա»,- հավաստիացրել է նախարար Հակոբյանը` կոչ անելով սկսել համայնքում սիրիահայերի օգնության շարժում:
Շնորհակալություն հայտնելով նախարարությանը Հայրենիքի հետ կապ հաստատելու նման հնարավորության համար` Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանը եւ բոլոր ներկաները նախ շնորհավորել են տիկին Հակոբյանին` Ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթելով անսպառ ուժ ու եռանդ սկսած համատեղ ծրագրերը իրագործելու համար: Ապա Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գոլստըն վարժարանի տնօրեն Նշան Պասմաճյանը գոհունակությամբ խոսել է նախարարության պատվերով եւ նախաձեռնությամբ ստեղծված արեւմտահայերենի դասագրքերի մասին:
ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը ցանկություն է հայտնել Հայաստանի որեւէ դպրոցի հետ քույրացման գործընթաց սկսելու, իսկ Հովհաննես Թումանյանի անվան մեկօրյա դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը խոսել է հայերեն հին ուղղագրությամբ դասագրքերի անհրաժեշտության մասին:
Նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձենությամբ Արշակ եւ Սոֆի Գոլստըն վարժարանի եւ Երեւանի թիվ 136 դպրոցի քույրացման արդյունավետ փորձը արդեն կա, Հ. Հակոբյանը հավաստիացրել է, որ երկու խնդիրներն էլ առաջիկայում իրենց լուծումները կգտնեն:
ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մեկօրյա վարժարանից ուսուցչուհի Սիլվա Աղաբեկյանը կարեւորել է Հայրենիքի, հայ մշակույթի մասին պատմող խտասալիկների անհրաժեշտությունը:
Մեկօրյա վարժարանի հայերենի ուսուցչուհի Սաթիկ Գեւորգյանը փորձի փոխանակման կարգով խոսել է հայ մանուկներին 4 տարեկանից նախակրթարաններում պատրաստելու օգտակարության մասին: Կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների պատրաստմանը:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ համայնք կուղարկվեն հայ գործիչների եւ հայկական մշակույթի մասին պատմող խտասալիկներ եւ «Խոսող Այբբենարան»:
«Մենք կարեւորում ենք ՀԲԸՄ-ի կողմից ստեղծված Հայկական վիրտուալ համալսարանը, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց համացանցի միջոցով սովորել հայերեն», - նշել է Հակոբյանը` հավելելով . «Իհարկե շատ կարեւոր են նաեւ ուսուցիչների վերապատրաստումները, որ մենք իրականացնում ենք ինչպես «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում Հայրենիքում, այնպես էլ` Հայաստանից հայ համայնքներ գործուղված մասնագետների օգնությամբ»:
Տեսակոնֆերանսի մասնակիցները հավանության են արժանացրել ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանի առաջարկությունը` ստեղծել «Հայկական դպրոց» անվամբ էլեկտրոնային տեղեկատու, ուր տեղ կգտնեն բոլոր կրթական ձեռնարկների, դասագրքերի, խտասալիկների, թանգարանների եւ գրադարանների հղումները եւ դրանց մասին ամփոփ տեղեկատվություն:
Հեռավար հանդիպման ավարտին գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին, որի ջանքերով երկրի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու բանաձեւը:




























