Հնդկաստանի Հայդարաբադի 17-ամյա բնակչուհին քիչ է մնացել մեկ ամսով դառնա 44-ամյա սուդանցու կինը: Երբ «ամուսինը» եկել է անչափահաս Նաուշին Տոբասումից պահանջելու իր ամուսնական պարտականությունների կատարումը, վերջինս դիմել է փախուստի: Աղջկան վերցրել են պարեկային ծառայության աշխատակիցները, գրում է The Telegraph-ը: Իրավապահները ձերբակալել են Նաուշինի մորաքրոջը, օտարերկրացի «ամուսնուն» եւ մահմեդական հոգեւորականին:

Սուդանական նավթային ընկերության մենեջեր Ուսամա Իբրահիմ Մուհամեդն ամուսնացած է եւ Խարտումում երկու երեխա ունի: նա Հնդկաստան է եկել, իր ծանոթից լսելով, որ, նա Հայդարաբադում 40 օրով իր համար «կին» է վերցրել: Ուսամա Իբրահիմ Մուհամեդը «կնոջն» ընտրել է 4 հավակնորդներից, իսկ դիտմանը Նաուշինին տարել էր նրա մորաքույրը:

«Փեսացուն» վճարել է 100 հազար ռուփի (մոտ 1800 դոլար)՝ 70 հազարը ծնողներին, 5 հազարը՝ մահմեդական հոգեւորականին, ով օրհնել է այդ «ամուսնությունը», 5 հազարը՝ փարգմանչին եւ 20 հազարը՝ աղջկա մորաքրոջը: Ոստիկանության տեսուչ Վիժար Կումարը պարզաբանել է, որ առանց ամուսնական սերտիֆիկատի նման գործարքներ չեն կատարվում, քանի որ Ղուրանը դատապարտում է մարմնավաճառությունը:
«Եթե սուդանցին սեքս է ուզում, նա իր հայրենիքում ստիպված է 3 անգամ ավելի վճարել, որովհետեւ այնտեղ քիչ են աղջիկները, կամ էլ պետք է երկրորդ կին առնի: Հնդկաստանում աղջիկներն ավելի էժան են եւ նրանք գեղեցիկ են»,-սուդանցու տրամաբանությունը բացատրել է ոստիկանը:

Հեշտ է գլխի ընկնել, թե ինչու է ընտանիքը համաձայնել «վաճառել» Նաուշին Տոբասումին: The Telegraph-ը հայտնում է, որ ողջ ընտանիքն ապրել է փոքրիկ մեկ սենյականոց տնակում: Հայդարաբադում ամեն ամիս մոտ 15 նմանատիպ կեղծ ամուսնություններ են կնքվում, թերթին հայտնել է իրավապաշտպան Ամինա Կհանը՝ հավելելով. «Նրանք գալիս են Հայդարաբադ, որովհետեւ այստեղ ամենաշատ աղքատ ընտանիքներն են»: