Femen շարժման ակտիվիստուհի Թունիսի բնակչուհին, ում համացանց ներբեռնած կիսամերկ նկարների համար դատապարտել էին մահապատժի` քարկոծման միջոցով, կրկին հայտնվել է ազատության մեջ: Ապրիլի 14-ին La Repubblica-ի թղթակցուհուն հաջողվել է նրա հետ կապի մեջ մտնել Skype-ի միջոցով հարազատների գերությունից փախչելուց մի քանի ժամ հետո:

19-ամյա Ամինա Թայլերը պատմել է, որ իր կիսամերկ ակցիան շատ է զայրացրել իր ընտանիքին։ Եղբայրը վերացրել է նրա հեռախոսի սիմ քարտը։ Տանը, ինչպես պատմում է թունիսցի «ֆեմինիստուհին», ծեծկռտուք է սկսվել ու շարունակվել է այնքան, մինչեւ հայրը նրան կպաշտպաներ։

Ընտանիքը որոշել է «ցուցարարին» տանել Թունիսից երեք կիլոմետր հեռու գտնվող մի փոքրիկ գյուղ։ «Ամեն օր անծանոթ մարդիկ էին գալիս, ստիպում էին Ղուրան կարդալ ու իմամի մոտ գնալ, թեեւ գիտեին, որ ես աթեիստ եմ։ Հետո ինձ տարել են հոգեբուժի մոտ։ Ես ստիպված էի այնպիսի ուժեղ դեղամիջոցներ ընդունել, որ չգիտեի, թե ինչ եմ անում, ամբողջ օրը քնում էի»։

Այս ողջ «թերապիայից» հետո աղջկան կրկին Թունիս են բերել եւ փակել տանը, սակայն նրան հաջողվել է փախչել։ Դրա հետ մեկտեղ, ակտիվիստուհին առաջվա նման իրեն մեծ վտանգի մեջ է զգում: «Իմ դեմքը հայտնի է, ես բազմաթիվ սպանալիքներ եմ ստացել: Ես վախենում եմ, որ ինձ կծեծեն, եւ նույնիսկ կբառնաբարեն` պատժելու համար»,-ասել է Ամինան:

Նա գիտի ցույցերի մասին, որ կազմակերպել է Femen-ն՝ ի պաշտպանություն իրեն եւ ստացել են «կիսամերկ ջիհադ» անվանումը: Նրա խոսքով` նա արդեն հասցրել է կապվել գլխավոր «ֆեմենիստուհիներից» մեկի` Ինայի հետ եւ շնորհակալություն հայտնել նրան: