Չինաստանում առաջին անգամ մարտին հայտնաբերված H7N9 թռչնագրիպի զոհերի թիվը հասել է 14-ի: Ապրիլի 15-ին մահացել է արեւելյան Ցզյանսու նահանգի բնակիչը, հայտնում է ՉԺՀ առողջապահության եւ ծննդաբերության պլանավորման պետական կոմիտեն:
H7N9-ի մյուս 13 զոհերից 9-ը մահացել էին Շանհայում, երկուսը Չժեցզյան նահանգում, մեկ մարդ Ցզյանսուում, եւս մեկը` Անհոյ նահանգում:
Բացի այդ, պետկոմիտեն հայտնել է վարակվելու եւս երեք դեպքերի մասին` Անհոյում, Չժեցզյանում եւ Ցզյանսուում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 63-ի: Միեւնույն ժամանակ գիտնականները վիճում են համաճարակի զարգացման հեռանկարների շուրջ, մի մասը վախեցնում է հնարավոր համաճարակով, եթե վարակը մուտացիայի ենթարկվի, մյուսները կարծում են, թե խուճապի հիմքեր չկան:




























