ԱՄՆ-ում վերանայել են սերիական բռնաբարողի` հանրահայտ Max Factor կոսմետիկան արտադրող ընկերության հիմնադրի ընտանիքից սերող 49-ամյա միլիոնատեր Էնդրյու Լասթերի դատավճիռը:
Նախապես Լասթերին դատապարտել են 124 տարվա ազատազրկման` երեք կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Սակայն այդ դատավճիռն այժմ կրճատվել է 50 տարով: Համաձայն նոր դատավճռի` Լասթերը կարող է պայմանականորեն ազատ արձակվել 15 տարվա դատապարտումից հետո, գրում է NEWSru.com-ը:
Էնդրյու Լասթերը ձերբակալվել է 2000 թվականին` 21-ամյա ուսանողուհու հայցի համաձայն եւ մեղադրվել երեք բռնաբարությունների մեջ: Կանանց նա հրավիրել է Քալիֆորնիայում գտնվող իր տուն, որտեղ նրանց թմրանյութ է ներարկել այնքան, մինչեւ կիսագիտակից վիճակի հասնեն, ապա բռնաբարել է նրանց: Լասթերի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաերիզներ, որոնք գրանցել են նրա ոտնձգություններն իրականության զգացողությունը կորցրած կանանց հանդեպ: Նաեւ հայտնաբերվել են կոկաինի դոզա եւ 13 հատ անօրինական պահվող զենք, այդ թվում «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ:
Լասթերի համար, ով 31 միլիոն դոլար կարողություն ունի, դժվար չի եղել միլիոն դոլարի գրավ մուծել` մինչեւ դատն ազատության մեջ մնալու համար: Սակայն 2003 թվականին նա փախել է Մեքսիկա: Լասթերի 86 կետից բաղկացած դատավճիռն ընդունել են հեռակա կարգով: Նույն 2003 թվականին Լասթերին փնտրել է հայտնի «գլուխերի որսորդ» եւ ռեալիթի շոուի մասնակից Դուեյն Չափմենը` Շուն մականունով: Դուեյն Չափմենը ներկա է եղել Լասթերի նոր դատավճռի ընդունմանը:




























