Լոնդոնի Սթնսթեդ օդանավակայանի մաքսատան աշխատակից Քրիս Հոլմսը գործից ազատվելու հայտարարությունը գրել է խմորեղենի վրա: Կրեմի վրա արված ուղերձում Հոլմսը բացատրել է, որ վերջերս նա երեխա է ունեցել, եւ խոստացել է ժամանակի մեծ մասն անցկացնել ընտանիքի հետ:
Համացանցային բաժանորդները լուսանկարը տեղադրել են Reddit ֆորումում, որտեղ նորությունը մեկ օրվա ընթացքում ավելի քան երկու հազար մեկնաբանություն է հավաքել, գրում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով Metro-ն:
Հոլմսը հայտարարել է, որ հետագայում կզբաղվի խմորեղեն թխելով: Ավելի վաղ նա դրանով զբաղվել է իր հիմնական աշխատանքի հետ համատեղելով (օրինակ նա ինքն է թխել իր հարսանեկան խմորեղենը): 2010 թվականին նա բացել է իր սեփական կայքը, որտեղ խմորեղենի պատվերներ է ընդունել:
Մինչեւ պետական մարմիններում ծառայության անցնելը, Հոլմսը խմորեղեն եւ գաթաներ է թխել Քեմբրիջի ռեստորաններից մեկում, որին «Միշլեն» հեղինակային վարկանիշը երկու աստղ է տվել: Ռեստորանում աշխատելուց հետո, նա խոհարարի իր գործը դադարեցրել է եւ աշխատանքի է անցել մաքսատանը:





























