2012 թվականին Թուրքիայում ակտիվորեն քննարկումներ են ընթացել իսլամի, քրդերի եւ «Օսմանյան կայսրության վերջին շրջանում հայ-թուրքական հակամարտության պատմության» վերաբերյալ: Այս մասին նշված է ԱՊՄ պետքարտուղարության զեկույցում, որը վերաբերում է Թուրքիայում 2012 թվականին մարդու իրավունքների վիճակին:
«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միությունները խոստովանել են, որ բաց բանավեճերն ավելի ընդունելի են, սակայն այդ թեմաների մասին գրողներն ու արտահայտվողները ռիսկի են գնացել, որ կարող են հետապնդվել, նաեւ զգացվել է ինքնագրաքննություն»,-ասված է զեկույցում:
Զեկույցում նշվում է նաեւ, որ թեեւ տարբեր լեզուներով լույս տեսնող հարյուրավոր մասնավոր թերթերի գոյությանը, այդ թվում քրդերեն ու հայերեն, կառավարությունը դեռեւս գրաքննության է ենթարկում նյութերը, որոնք վերաբերում են քրդական խնդրին՝ առգրավելով նյութերը կամ ժամանակավորապես փակելով խմբագրությունները: «Թեեւ շարունակվում է երկխոսությունը ոչ մահմեդական կրոնական համայնքների հետ, բայց այլ կրոնի դավանողները կամ աթեիստները ենթարկվում են խտրականության եւ սպառնալիքների ծայրահեղականների կողմից»,-ասված է զեկույցում:
Եվրահանձնաժողովը 2012-ի հոկտեմբերին հրապարակած իր զեկույցում նշել է, որ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ մնում է սահմանափակ:
Թուրքիայում մարդու իրավունքների տեսանկյունից նշանակալի խնդիրներ են մնում արդարադատության արդյունավետության ոլորտում թերությունները, խոսքի ազատությանը պետության միջամտությունը, բնակչության խոցելի խմբերի, այդ թվում կանանց պաշտպանության անբավարարությունը: Անպատժելիությունը եւս Թուրքիայում հիմնական խնդիրներից մեկն է:




























