Լեռնային Ղարաբաղը վաղ թե ուշ մասնակցելու է բանակցություններին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղը «վաղ թե ուշ անմիջականորեն կմասնակցի բանակցություններին»:
Բրայզան հայտարարել է, թե Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին՝ մինչեւ մի քանի տարի առաջ, երբ Երեւանը որոշում կայացրեց, որ բանակցություններում կներկայացնի նրանց: Ըստ Բրայզայի՝ բանակցային սեղան Ղարաբաղի ներկայացուցիչներին ետ բերելու համար պետք է կայացվի «փոխադարձ համաձայնություն»: «Եւ մենք հույս ունենք, որ դա կկայացվի, ինչ-որ պահի Ղարաբաղը բանակցություններին պետք է ուղղակիորեն մասնակցի։ Անուղղակիորեն նրանք արդեն մասնակցում են: Մենք լսում ենք կարծիքները: Եւ, իհարկե, մենք նրանց կարծիքն էլ պետք է հաշվի առնենք բանակցություններում։ Հակառակ դեպքում անհնար կլինի լուծումն ընդունելի դարձնել այն մարդկանց համար, ում վրա դա անմիջական ազդեցություն է ունենալու»,- ասել է համանախագահը:
Բրայզան նաեւ հայտարարել է, թե խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո 5 տարածքները` Ֆիզուլին, Աղդամը, Ջաբրայիլը, Զանգելանը եւԿուբաթլուն, Ադրբեջանին կվերադարձվեն անմիջապես, 2-ը` Լաչինը եւ Քելբաջարը` 5 տարի հետո։
Մեթյու Բրայզան խոսել է նաեւ շաբաթավերջին Լեհաստանի Կրակով քաղաքում Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին: «Հուլիսի 10-ին Ակվիլայում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ նրանք, ի թիվս այլ հարցերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանձնարարեցին նաեւ պատրաստել Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը։ Եվ հենց դրա համար մենք հավաքվելու ենք այս շաբաթավերջին լեհական Կրակովում», — ասել է ամերիկացի դիվանագետը։




























