Հայաստանի խորհրդարանը վերանայել է ""Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին" օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" օրինագիծը, որը մշակվել է «Ժառանգություն» կուսակցության կողմից։
«Ժառանգությունը» Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից (ՀՌԱՀ) մասնավորապես պահանջում է հաճախականություններ տրամադրելու համար անցկացնել հեռուստա եւ ռադիո հաճախականության մրցույթներ, որի անցկացումը հետաձգվել է մինչեւ 2010 թվականի հունիսը։ Կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքով, մրցույթը դիտմամբ հետաձգվել է, որպեսզի «А1+» հեռուստաընկերությունը դեռեւս երկար ժամանակ եթեր հեռարձակվելու իրավունք չունենա։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մրցույթներ չանցկացնելու իր որոշումը հիմնավորել է հեռուստաալիքների թվայնացմամբ։
Նշենք, որ հարցի քննարկումը հանկարծակիորեն վերածվեց Հայաստանում ԶԼՄ-ների՝ մասնավորապես՝ հեռուստաընկերությունների վիճակի մասին բուռն քննարկումների։ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իշխանությունները բարոյազրկում են լրատվամիջոցներին, մասնավորապես՝ հեռուստաընկերություններին, որոնք այնքան են աղճատում իրականությունը, որ « մենք գործընկերներով մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին տեսանյութեր դիտելիս, ծիծաղից փղձկացինք»։ «Սա անբարոյական է»,-վրդովվեց Մարտիրոսյանը։
Համաձայնելով իր համակուսակցի հետ, կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կոչ արեց նրան չվրդովվել եւ չխոսել բարոյականությունից, քանի որ խորհրդարանի նիստերի դահլիճում «այդ թեմայով ոչ մեկի հետ չարժի խոսել»։
Սաֆարյանի հայտարարությունը այնպես նյարդայնացրեց խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանին, ով սովորաբար շատ զսպված է, որ վերջինս սպառնաց Սաֆարյանին եւ խոստացավ նրան բռնի ուժով իր տեղը նստեցնել, եթե Սաֆարյանն իր ձեւակերպումների մեջ զուսպ չլինի։
Սակայն դա «չվախեցրեց» Սաֆարյանին եւ նա ավելի ոգեշնչված ասաց.
«Իշխանությունները պարզապես վախենում են ճշմարտությունից»։ «Օ՛յ, Օ՛յ, Օ՛յ Օ՛յ. Մի սրան տեսեք» — դահլիճում լսվեցին բացականչություններ։ Սակայն դա էլ չկանգնեցրեց պատգամավորին եւ նա շարունակեց. «Իշխանությունները փորձում են ամբողջական հսկողության տակ առնել ԶԼՄ-ների գործունեությունը»։ Նրանք ոչ միայն չեն ուզում բացահայտել, թե իրականում ինչ է կատարվել մարտի 1-ին, այլեւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են նույնատիպ քայլերի դիմել։
Իշխող Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը, պատասխանելով Սաֆարյանին, հայտարարեց, որ «Ժառանգությունը» վատ ներկայացում է բեմադրել։ Փոխնախագահ Սամվել Նիկոյանն էլ հայտարարեց, որ հազիվ է զսպում իր զգացմունքները, քանի որ «Ժառանգությունը» վիրավորում է ոչ միան իշխանությանը, այլեւ պետությանը։
Իսկ վերջում համապատասխան գլխավոր հանձնաժողովը օրենքի նախագիծը մերժեց։




























