Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը չի մեկնաբանում GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հետազոտության արդյունքները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սկզբունքորեն չի մեկնաբանում սոցիոլոգիական արդյունքները, բոլոր հարցերին կպատասխանի մայիսի 5-ին: «Կարծում եմ` սոցիոլոգիան լուրջ գիտություն է, դա պետք է մեկնաբանեն սոցիոլոգները»,- ասաց նա: Շտաբի պետը կարծիք հայտնեց, որ լավ, համախմբված աշխատանքի դեպքում կարող են հավաքել այնքան ձայն, ինչքան անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:

Ինչ վերաբերում է հարցումները ՀՀԿ-ի կողմից պատվիրված լինելու մասին մյուս ուժերի հնչեցրած մեղադրանքներին, շտաբի պետն ասաց, որ այդ ամենը թողնում է իրենց խղճին: «Իրականությունը կերեւա մայիսի 5-ին: Հարգելով բոլոր թեկնածուներին` պետք է ասեմ, որ մեր թեկնածուն իրականացնում է հաջող քարոզարշավ, եւ երեւանցիները մայիսի 5-ին բոլոր հարցերի պատասխանները կտան»,- ասաց նա:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ՀՀԿ-ից ավելի բարձր վարկանիշ ունենալու փաստին` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ «կարող է այդպես լինել, նախագահական ընտրություններին էլ իրենց թեկնածուն ավելի մեծ ցուցանիշներ է հավաքել, քան կուսակցությունը»: Հարցին` ինչն է պատճառը, կուսակցությունն ավելի՞ վատն է, քան թեկնածուները, նա պատասխանեց, որ լավ ու վատի խնդիր չկա, պարզապես երեւանցիները տեսնում են Տարոն Մարգարյանի աշխատանքը այս տարիների ընթացքում:

Նշենք, որ GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության տվյալներով` եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երեւանի ավագանու ընտրությունները, ապա երեւանցիների  41,5  տոկոսը ձայնը կտա Հանրապետական կուսակցության,  իսկ 14,5 տոկոսը՝   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ «Բարեւ, Երեւան» դաշինքին իր ձայնը կտա ընտրողների 7,9 տոկոսը,  «Օրինաց երկիր» կուսակցությանը՝  3,7 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 3,1 տոկոսը, ՀԱԿ-ինը՝ 2,9  տոկոսը,  «Առաքելությանը»՝ 0,3 տոկոսը։  Հարցին դժվարացել է պատասխանել 26, 1 տոկոսը։ Հարցմանը մասնակցածներից  57, 6 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին,  Վարդան Օսկանյանին՝  5,9 տոկոսը, Արմեն Երիցյանին՝  3, 8 տոկոս, Արմեն Մարտիրոսյանին՝  3,7 տոկոս, Վահագն Խաչատրյանին՝  2,3 տոկոս, Արմեն Ռուստամյանին՝   1,8 տոկոսը, Գուրգեն Արսենյանին՝  1, 7 տոկոս, Մեսրոպ Առաքելյանին ՝ 0, 1 տոկոս, դժվարացեկ է պատասխանել 17, 9 տոկոսը։ Ասոցիացիան նաեւ համեմատական հետազոտություն է անցկացրել կուսակցության եւ թեկնածուների միջեւ։ Տարոն Մարգարյանին ավելի շատ ձայն կտան, քան ՀՀԿ-ին, ՕԵԿ-ի դեպքում եւս Արմեն Երիցյանը 0,1 տոկոսով ավելի շատ ձայն կստանա, քան այդ կուսակցությունը։ Մնացած ուժերի դեպքում՝ ԲՀԿ, «Բարեւ, Երեւան», ՀՅԴ, ՀԱԿ-ի դեպքերում ավելի շատ ձայն կտան այդ քաղաքական ուժերին, քան թեկնածուներին։