Երեք մարդ մահացել է, եւս 20 մարդ վնասվածքներ է ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, բեռնատարի եւ մարդատար ավտոբուսի բախումից Կալուգայի մարզում:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկությունները, ավտովթարը տեղի է ունեցել ժամը 08:30-ին, ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ: Ավտոբուսում 52 մարդ է եղել, նախնական տվյալների համաձայն, նրանցից երեքը մահացել են, քսան հոգի էլ վնասվածքներ է ստացել:

Life News-ի տվյալներով` 30-ից ավելի մարդ վնասվածքներ է ստացել: Ավտոբուսում գտնվել են LG-ի  գործարանի աշխատողները: Ուղեւորային տրանսպորտը տեղափոխում էր մարդկանց Օբնինսկից Դորոխովո: «Մերսեդես» մակնիշի բեռնատարի վարորդը, որը Լեհաստանի քաղաքացի է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ինչպես գրում է պարբերականը,ավտովթարում տուժած մարդկանց շտապ օգնության մեքենաներով եւ ճանապարհին հանդիպած տրանսպորտային միջոցներով են հասցրել հիվանդանոց: Վիրավորվածներն այնքան շատ էին, որ տրանսպորտային միջոցները չէին բավականացնում նրանց հիվանդանոց հասցնելու համար: