Բրազիլիացի երկրաբաններն ու նրանց ճապոնացի գործընկերներն Ատլանտյան օվկիանոսի ջրերում Ռիո դե Ժանեյրո քաղաքի ափերից 1500 կմ հեռու գրանիտի հետքեր են հայտնաբերել: Ինչպես հայտնել է AFP-ը` վկայակոչելով բրազիլիացի երկրաբան Ռոբերտ Վենտուրա Սանթոսին, դրանք կարող են լինել այն մայրցամաքի հետքերը, որը 100 միլիոն տարի առաջ ջրասույզ է եղել Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի անջատման հետեւանքով: Հենց գիտնականները հումորով այդ մայրցամաքն անվանել են «Ատլանտիդա», հայտնում է Lenta.ru-ն:
Սանթոսի խոսքով` մայրցամաքի մասնիկ կազմող գրանիտի առաջին հետքերը հայտնաբերվել են Ռիու Գրանդա ստորջրյա բարձրավանդակի վրա դեռ երկու տարի առաջ: Սակայն ապրիլին բրազիլիացի եւ ճապոնացի գիտնականների խումբը Shinkai 6500 ստորջրյա ապարատով մանրամասն հետազոտել են ստորջրյա բարձրավանդակի տարածքը: Գրանիտի ծագման աղբյուրներում վերջնականապես համոզված լինելու համար գիտնականները կհորատեն գրանիտային տարածքը: նախատեսվել է հետազոտությունները շարունակել 2013 թվականին:
«Կիոդո» ճապոնական գործակալությունը հայտնել է, որ հետազոտությունների արդյունքում 910 մետր խորության վրա հայտնաբերվել է 10 մետր բարձրությամբ եւ նույնչափ դիամետրով գրանիտային ժայռ: Բացի գրանիտից, բարձրավանդակի վրա հայտնաբերվել են նաեւ կվարցի եւ բազալտի հետքեր: Մարդկանց կողմից կառուցված որեւէ կառույցներ գիտնականները չեն հայտնաբերել:
Պլատոնի աշխատություններում պահպանված լեգենդի համաձայն` Ատլանտիդան Ատլանտյան օվկիանոսում տեղակայված բնակելի կղզի է եղել: Մ.թ.ա մոտ 9500 թվականին տեղի ունեցած երկրաշարժի եւ ջրհեղեղների հետեւանքով կղզին իր բնակչության հետ մեկ օրում ջրասույզ է եղել:




























