Երեկ` փետրվարի 26-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը` Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի, «Արմենիա» ակումբի նախագահ Տիգրան Աբրահամյանի, «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի ուղեկցությամբ այցելել է Չեխիայի Լեդիցե գյուղ, որտեղ այսօր Ադրբեջանի դեսպանության, «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի եւ Չեխայում գործող «Ազեր-չեխ» միության նախաձեռնությամբ կազմակերպվելու է Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառում:

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Լեդիցեի գյուղապետ Ժոզեֆ Կլիմայի եւ Լեդիցե հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլի հետ: Նա ներկայացրել է Խոջալուի իրադարձությունների իրական պատկերը, ցույց է տվել այն կեղծ լուսանկարները, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը` իբրեւ Խոջալուի դեպքերի փաստական ապացույց:

Լեդիցեի գյուղապետը տեղեկացրել է, որ Չեխիայի մշակույթի նախարարը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը: Հուշահամալիրի տնօրենն էլ հավաստիացրել է, որ ադրբեջանցիներին չի թույլատրվի որեւէ հակահայկական ելույթ հնչեցնել:

Միջոցառմանը ադրբեջանցիները պատրաստվում էին ցուցադրել իբրեւ թե Խոջալուի դեպքերը պատկերող լուսանկարներ, նաեւ կազմակերպել հյուրասիրություն, որն ըստ չեխական կողմի` ամենից շատն է հետաքրքրել կազմակերպիչներին: Ազերիները հատկապես հյուրասիրության թույլտվություն են խնդրել հուշահամալիրի տնօրենից եւ, ըստ գյուղի բնակիչների վկայության, միջոցառման հրավիրյալներին հատկապես փորձել են գայթակղել ճոխ հյուրասիրության խոստումներով: