Թուրքիան խիստ մտահոգված է մոտեցող մարտի 4-ից: Այդ օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ է մտնելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող` 252-րդ բանաձեւը:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը, ով օրեր առաջ հանձնեց հավատարմագրերը ԱՄՆ նախագահ Օբամային, եւս կլծվի հիշյալ բանաձեւը օրակարգ մտցնելու դեմ իրականացվող աշխատանքներին: Թուրքական պարբերականը գտնում է, որ այս բանաձեւի դեմ տարվող աշխատանքը Նամըք Թանի համար կլինի քննության պես մի բան:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի խորհրդարանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին` նշելով. «Ցեղասպանության օրինագծի օրակարգ մտնելը չի բխում Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շահերից: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասող քայլերից պետք է խուսափել։ Օրինագիծը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները ճիշտ չի ներկայացնում։ 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները լուսաբանելու համար քաղաքագետները իրենց տեղը պետք է զիջեն պատմաբաններին։ Մենք սպասում ենք, որ օրինագիծը չեք ներառի ձեր օրակարգ»:
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը այս շաբաթվա վերջին կմեկնի ԱՄՆ եւ նույնպես կփորձի համոզել, որ հայկական բանաձեւի ընդունումը կվնասի թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, թե՛ թուրք-ամերիկյան հարաբերություններին:



























