Փետրվարի 26-ին Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Սումգայիթյան ողբերգության 22-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիա են անցկացրել Վարշավայում Ադրբեջանի դեսպանատան առջև: Քաղաքի իշխանությունները թույլատրել են հայերին բողոքի երթ անցկացնել «Սասկա Կեմպա» դիվանագիտական թաղամասի դեպի Ադրբեջանի դեսպանատուն տանող փողոցով: Նրանք Սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող պաստառները և ՀՀ պետական դրոշը ձեռքերին կանգ են առել Ադրբեջանի դեսպանատան առջև եւ փորձել են բողոքի նամակ հանձնել դեսպանատան աշխատակիցներին, սակայն դեսպանատան ներկայացուցիչը՝ պատճառաբանելով, թե լեհերեն չգիտի, չի ընդունել նամակը:

Բողոքի նամակում համառոտ անդրադարձ է կատարվել Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությանը, ներկայացվել են հայկական ջարդերի իրական կազմակերպիչների նպատակները, միջազգային հանրությունից պահանջվել է դատապարտել այն՝ գնահատելով որպես 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի շարունակություն:

Բողոքի երթից հետո հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են ՀՀ դեսպանության բակում, որտեղ տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն: Լեհաստանում ՀՀ դեսպան Ա.Գալոյանը համառոտ խոսել է Սումգայիթյան ողբերգության, Ղարաբաղյան շարժման պատմության ադրբեջանական նենգափոխումների մասին: նա ընգծել է, որ Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցը վառ վկայությունն է այն բանի, որ աշխարհասփյուռ հայությունը ոչինչ չի մոռացել և պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանի ստահոտ քարոզչությանը և հակահայկական բոլոր սադրանքներին: