Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լուրջ սպասելիքներ ունի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունից  (ֆոտոռեպորտաժ): Այս մասին Երեւանում ընթացող ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստում հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Անդրադառնալով տարածաշրջանի երկրներ կատարած իր այցին՝ նա նշել է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն առաջընթաց են արձանագրել ժողովրդավարական արժեքների եւ եվրոպական հիմնական արժեքների հանդեպ հարգանքի հարցում: Նա անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությունը, սակայն հրաժարվել է երկրները միմյանց հետ համեմատելուց:

Ըստ նրա՝ հարկավոր է գիտակցել կոնկրետ իրավիճակը, հաշվի առնել երկրներից յուրաքանչյուրի մշակութային առանձնահատկությունները եւ անցած ուղին:

 «Եվրոպայի խորհուրդն իր կողմից պատրաստ է սատարել պետություններին, սակայն անհրաժեշտ է հենց պետությունների պատրաստակամությունը՝ հետագայում այդ ուղով ընթանալու համար», - ասել է Մինյոնը:

Նա նշել է, որ ԵԽ-ն պատրաստ է սատարել սառեցված հակամարտությունների կարգավորմանը: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը  ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում է, սակայն ԵԽ-ն եւ ԵԽԽՎ-ն պատրաստ են ուժերի ներածին չափով աջակցել:

Հիշեցնենք, Երեւանում մայիսի 31-ին ընթանում է ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի նիստը՝ ԵԽ  Նախարարների կոմիտեի նախագահող երկիր  Հայաստանի ղեկավարությամբ: Հայաստանը ԵԽ  Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել էր մայիսի 16-ին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am