Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասը (նստավայրը՝ ք. Երեւան):

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթելով հաջողություններ՝  փոխարտգործնախարար Մնացականյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ կապերի զարգացման հեռանկարներին, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաեւ ընթացիկ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին։ Քննարկվել են  նաեւ առեւտրատնտեսական ու մշակութային կապերի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պետրիկասը նշել է, որ իր գործունեությամբ կփորձի աջակցել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ տարբեր հարթակներում համակողմանի համագործակցության առավել  ընդլայնմանը՝ կարեւորելով նաեւ փոխգործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում։