ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի հրեաների կոմիտեի գլոբալ ֆորումի շրջանակներում: Այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետքարտուղարության պաշտոնական կայքում:
Շնորհակալություն հայտնելով իր ադրբեջանցի գործընկերոջը ֆորումին մասնակցելու համար, Քերրին նշել է, որ Ադրբեջանին ու ԱՄՆ-ին կապում է գործընկերությունն Աֆղանստանում, ISAF-ում (ՆԱՏՕ-ի կողմից գլխավորվող անվտանգության աջակցման միջազգային ուժեր), ինչպես նաեւ համատեղ մասնակցությունը մի շարք կարեւոր նախագծերում:
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ խնդրի կարգավորման ուղիները քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Միաժամանակ, Քերրին հայտնել է, որ հակամարտության լուծումը շատ կարեւոր է, քանի որ այն սպառնում է տարածաշրջանի կայունությանը: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի օգնի Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորում գտնելու հարցում»,-ասել է Քերրին:
Նա ընդգծեց, թե վերջին բանը, որ ԱՄՆ-ը կցանկանար, վերադարձն է պատերազմին եւ հակամարտությանը: Պետքարտուղար հավաստիացրել է, թե Վաշինգթոնն աշխատելու է «հանգիստ եւ համբերատար», որպեսզի փորձի համոզել կողմերին` վստահությն ամրապնդման միջոցներ ձեռնարկել կամ էլ առաջ ընթանալ հարցի կարգավորման ուղղությամբ:
Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե իր երկիրը հաջողությամբ առաջ է ընթանալու ԱՄՆ-ի հետ միասին, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, որի հետ խաղաղ ապրելու մեջ շահագրգիռ են: Բաքուն ուզում է, թո հակամարտության բացասական ելքը մնա անցյալում:
Հարցին` արդյոք հակամարտության կարգավորման մեջ կմեծանա ԱՄն դերը, Ջոն Քերրին պատասխանել է, թե իրենք աշխատում են այդ ուղղությամբ:




























