Եկատերինբուրգում սկսվել է Ռուսաստան-Եվրամիություն 31-րդ գագաթաժողովի լիագումար նիստը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահ Վլադիմիր Պուտինը, եվրոպական կողմից մասնակցում են ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:
Լիագումար նիստի օրակարգում են Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ բազային նոր համաձայնագրի, փոխադարձ առեւտրի եւ էներգետիկայի, Օդային տրանսպորտի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ քաղաքացիների կարճաժամկետ այցերի ժամանակ առանց վիզայի ռեժիմ կիրառելուն եւ վիզային ձեւականությունները վերացնելուն առնչվող հարցեր:
Ծրագրով նախատեսված հաջորդ միջոցառումը աշխատանքային նախաճաշն է, որի ընթացքում կքննարկվեն Սիրիայի հարցը, որն արդեն բարձրացվել է պատվիրակությունների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի վիճակը, իրանական միջուկային խնդիրը, Կորեական թերակղզու վիճակը, մերձդնեստրյան կարգավորումը, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանը եւ Կենտրոնական Ասիան:



























