Մուսթաֆա Ջեմիլեւի քաղաքական մանեւրը՝ ներընդդիմադիր կրքերին միջազգային երանգ հաղորդելը, բացահայտվել է։ Շարունակում են զարմացնել որոշ քաղաքական գործիչների քայլերը, որոնք հանուն սեփական շահերի պատրաստ են միանգամայն այլ թեմաներ շոշափել, գրում է UA-Report.info-ն։
Մուսթաֆա Ջեմիլեւը Ղրիմյան թաթարների մեջլիսի ղեկավարն է, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր «Բատկիվշչինա» կուսակցությունից։ Նրա որդին սպանության մեջ է կասկածվում։ Ուկրաինայի ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի գրանցման առթիվ նա հայտարարել է, որ «Ուկրաինայում թուրքալեզու ժողովուրդների թիվը մի քանի անգամ գերազանցում է հայերի թվին։ Օրինագծի հեղինակները պետք է հասկանան, թե ինչ սպառնալիքների կհանգեցնի դրա ճանաչումը»։
«Մուսթաֆա Ջեմիլեւը հնարավորություն չունի ուղղակիորեն շանտաժի ենթարկել ընդդիմադիր կուսակիցներին եւ սպառնալ խմբակցությունից դուրս գալով։ Սակայն նա պետք է որդուն փրկի։
Այդ պատճառով Ջեմիլեւը որոշել է շանտաժ անել միանգամայն «ձախ» թեմայով՝ Հայոց ցեղասպանության», - գրում է ուկրաինացի քաղաքական տեսաբան Անատոլի Շարիան՝ «Պոլեմիկա» պորտալում։
Միանգամայն անհասկանալի է, թե ինչու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այդպես մտահոգում Ջեմիլեւին, չէ՞ որ խոսքը Օսմանյան կայսրության, այլ ոչ թե Ղրիմի խանության մասին է։
Հիշեցնենք, Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է գրանցվել։ Օրինագծի հեղինակներն են Արսեն Ավակովը (Բատկիվշչինա), Վիլեն Շատվորյանը եւ Նվեր Մխիթարյանը (Ռեգիոնների կուսակցություն)։




























