Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաային, ով Երեւան է ժամանել` ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հունիսի 19-ին կազմակերպվող «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
«Մենք ստանձնել ենք նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում եւ պետք է անենք առավելագույնը, որ նախագահության այդ վեց ամսվա ընթացքում կարողանանք արձանագրել հաջող եւ արդյունավետ զարգացումներ», - ողջույնի խոսքում նշել է վարչապետը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հերվիգ վան Շտաան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ վերոնշյալ միջազգային համաժողովը Երեւանում կազմակերպելու համար, ինչը վկայում է Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացմանը տրվող կարեւորության մասին: Նա բարձր է գնահատել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման եւ մասնավորապես, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեր երկրի կողմից իրականացվող քայլերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համայնքային ժողովրդավարության զարգացման շուրջ, քննարկել տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով, որ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում այդ ոլորտում, վարչապետ Սարգսյանը կարեւորել է ԵԽ անդամ-երկրներում առկա դրական փորձի ուսումնասիրությունը: Կառավարության ղեկավարի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայություններից է, որի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ:
Հանդիպման ավարտին հյուրն իր տպավորություններն է կիսել հայ ժողովրդի համար խորհրդանշական երկու վայրերի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ:




























