Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մեծ նշանակություն է տալիս Երաժշտության օրվա անցակցմանը: Հայաստանն արդեն 6-րդ անգամ կմասնակցի այդ հրաշալի տոնին: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` հունիսի 20 մամուլի ասուլիսին: Հիշեցնենք, որ Երաժշտության օրը նշվում է տարվա ամենաերկար օրը` հունիսի 21-ին:
Դիվանագետն ընդգծել է, որ Ֆրանսիան տոը նշում է արդեն 32-րդ անգամ: «Միջոցառումը ընդլայնում է շրջանակները` ներգրավելով ավելի շատ մասնակիցներ»,-ընդգծել է դեսպանը` հավելելով, որ դեսպանատանն այդ օրը կկազմակերպվի երաժշտական երեկո, որին հրավիրված կլինեն մոտ 3 տասնյակ երաժիշտներ: Մուտքը կլինի հրավիրատոմսերով: «Երաժշտության նկատմամբ սերը Հայաստանին ու Ֆրանսիային միացնող գծերից է, ինչի վկան ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի գործունեությունն է»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ Ֆրանսիայում կա մոտ 5 մլն երաժիշտ, 5800 երաժշտական հաստատություն:
Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հիշեցրել է, որ Հայաստանը վերջերս դարձել է ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անամ: Նրա խոսքով, բացի Երեւանից, տոնին կմասնակցեն նաեւ մարզերը: «Սա շատ ժողովրդավարական տոն է»,-ընդգծել է փոխնախարարը:
Մամուլի ասուլիսին ներկա «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ընդգծել է, որ ընկերությունը 4-րդ անգամ աջակցում է Երաժշտության տոնի անցկացմանը: «Սա հերթական, սակայն ոչ վերջին միջոցառումն է»,-ընդգծել է գլխավոր տնօրենը:



























