Հայաստանը փորձում է ապագա Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների ինչ-որ ձեւաչափ գտնել: Այս մասին հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Նա հիշեցրել է, որ 2012-ից Հայաստանը միացել է ԱՊՀ ազատ առեւտրի գոտուն, սակայն այդ գոտու երեք անդամներ` Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, մտադիր են պայմանագիր կնքել Մաքսային միության ստեղծման վերաբերյալ: «Նմանատիպ միության ստեղծումը կնշանակի, որ այդ պետությունների շուկաները մեզ համար դժվարհասանելի կլինեն եւ մենք ջանում ենք Հայաստանի համար չեզոքացնել այդ խոչընդոտը` փորձելով ստեղծել Մաքսային միության հետ համագործակցության ինչ-ինչ ձեւաչափեր, ինչը բոլորովին չի նշանակում դրան միանալ»,-ընդգծել է Գալստյանը:

Քաղաքագետների վստահեցմամբ, Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու կարիք չունի: «Մենք արել ենք ընտրություն, այս դեպքում համագործակցում ենք երկու ուղղություններով եւ առայժմ ոչ մի խոչընդոտ չենք տեսնում: Եթե այս երկու կառույցների միջեւ որեւէ բախում լինի, ապա այդ դեպքում, այո, ընտրության առաջ կկանգնենք»,-ասել է Նարեկ Գալստայնը, հավելելով, որ նրանց միջեւ մրցակցություն կա, սակայն ոչ դիմակայություն` նկատի ունենալով, որ ԵՄ էներգակիրների հիմնական մատակարարը Ռուսաստանն է:

Փորձագետը նաեւ ընդգծել է, որ հետխորհրդային տարածքներում Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ մրցակցությունը ոչ թե Հայաստանի, այլ Ուկրաինայի համար է: