«Այդպես էլ հաղթահարված չեն մարտի 1-ի հետեւանքները եւ մենք համարժեք արձագանքներ չենք տեսնում իշխանությունների կողմից»,- մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու հավելեց. «Ամեն բան բարդվեց ընդդիմության վրա, եղան քաղաքական դատավարություններ, որոնց վերջին ակորդը Նիկոլ Փաշինյանի դեմ կայացված դատավճիռն էր»:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Ինչ վերաբերում է սոցիալ տնտեսական վիճակին, ապա ըստ Դեմիրճյանի, այս ոլորտում նույնպես վիճակը մխիթարական չէ, եւ մարդկանց սոցիալական դրությունը գնալով վատթարանում է: Հայտարարում են, թե տնտեսական ճգնաժամը հաղթահարված է, սակայն դա իրական կյանքում գոյություն չունի, եւ իշխանությունների քայլերն այդ ուղղությամբ նույնպես համարժեք չեն",- հավելեց ՀԺԿ ղեկավարը:

Նա խոսեց նաեւ ՀԱԿ-ի կողմից ներկայացրած «100 քայլ» համակարգային փոփոխությունների տնտեսական ծրագրի մասին՝ նշելով, որ այդ ծրագրի դրույթները հիմնականում համահունչ են ՀԺԿ-ի մոտեցումներին: «Սակայն ցանկացած ծրագիր իրագործելու համար պետք է նախ ձերբազատվել քրեական օլիգարխիկ համակարգից, որն այսօր կա Հայաստանում: Պետք են արմատական փոփոխություններ, որոնց այս իշխանությունը չի կարող իրագործել»,- ասաց Դեմիրճյանը: