Forbes աշխարհահռչակ պարբերականը 24-րդ անգամ հաշվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց: Երկրորդ տարին անընդմեջ վարկանիշում նոր առաջատար է հայտնվել: Աճող հեռահաղորդակցային ակտիվները առաջին հորիզոնական են բարձրացրել մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմ Էլլուին, նրա ունեցվածքը հասել է 53,5 միլիարդի: Երկրորդ տեղում ընթացող Բիլլ Գեյթսն ունի 53 միլիարդ (13 միլիարդով ավելի, քան նախորդ տարի), իսկ Ուորեն Բաֆֆեթը՝ 47 միլիարդ (10 միլիարդով ավելի, քան նախորդ տարի):
Ըստ Forbes-ի, 2009 թվականը հաջող տարի էր կապիտալի բազմապատկման համար: Վերջին 12 ամսում հիշյալ ցանկը համալրվել է 218 միլիարդատերերով, որոնցից 62-ը Ասիայի բնակիչներ են: Այս տարի ցուցակում հայտնվածների միջին կարողությունը կազմում է 3,5 միլիարդ դոլար: Այսօր աշխարհում կա 1011 միլիարդատեր, մի փոքր պակաս, քան 2008թ-ին (1125):
Թերթը նշում է, որ Ռուսաստանում միլիարդատերերի թիվը գրեթե կրկնպատակվել է՝ 62 նախորդ տարվա 32-ի դիմաց: Ամենահարուստ ռուսաստանցին Վլադիմիր Լիսինն է, ով 15.8 միլիարդով զբաղեցնում է աղյուսակի 38-րդ հորիզոնականը:



























