Արեւելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել համագործակցության բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, մարդկանց շարժունակության, Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունների։ Այս մասին, հուլիսի 22-ին, Բրյուսելում կայացած ԵՄ եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներում արձանագրած առաջընթացի շուրջ։

Նալբանդյանը կարեւորել է Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների խթանման համար։  Նա շեշտել է, որ միջազգային կառույցների վերջին զեկույցները արձանագրում են Հայաստանի առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը եւ այլն։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Երեւանում սեպտեմբերի 12-13-ը կայանալիք Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը զուգահեռ տեղի կունենա կրթության բնագավառին նվիրված բարձր մակարդակի հանդիպում։